Լրահոս

Յուրի Խաչատուրովի նշանակման գինը

 

ՀԱՊԿ երկրների նախագահները նախօրեին Բիշքեկում տեղի ունեցած ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում վերջապես կայացրել են Հայաստանի ներկայացուցչին այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացնելու որոշումը, որի մասին խոսվում էր արդեն մեկ տարի և ավելի ժամանակահատված: Այդ պաշտոնը կզբաղեցնի Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա պաշտոնը կստանձնի մայիսի 2-ից:

Այս նշանակումը առաջացնում է մի շարք հարցեր, այն հարցադրումների կոնտեքստում, որ կային ՀԱՊԿ գործունեության և Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ վերաբերմունքի, մասնավորապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ՀԱՊԿ դիրքորոշման, Ադրբեջանի հանդեպ ՀԱՊԿ անդամների վերաբերմունքի մասով: Ի՞նչ է փոխելու Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարումը գլխավոր քարտուղարի կարգավիճակում: ՀԱՊԿ-ը դրանից ավելի՞ պարտաճանաչ է դառնալու իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ կատարելու մասով: Բելառուսը, Ղազախստանը դադարելո՞ւ են Հայաստանից ավելի ջերմ լինել Բաքվի հանդեպ, Ռուսաստանը դադարելո՞ւ է Ադրբեջանին սպառազինություն մատակարարելը: Երբ Ադրբեջանը դիվերսիաներ իրականացնի Հայաստանի հանդեպ, ՀԱՊԿ դադարելո՞ւ է լռել և անելո՞ւ է քաղաքական հայտարարություններ, գոնե:

ՀԱՊԿ-ը Հայաստանի մասով այն աստիճան է անհավատարիմ եղել դաշնակցային պարտավորություններին, որ պաշտոնական Երևանը Սերժ Սարգսյանի մակարդակով անգամ արտահայտվել է դրա կապակցությամբ, մի քանի անգամ մտահոգություն հայտնելով այդ իրողությամբ:

Ի՞նչ է փոխվելու այդ հարցում, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվում է Հայաստանի ներկայացուցիչը: ՀԱՊԿ դրանից ավելի՞ սերտ դաշինք կդառնա, թե՞ ընդամենը Հայաստանին արվում է այսպես ասած բարոյական ժեստ, որով էլ ՀԱՊԿ առանձին անդամներ իրենց այսպես ասած էլ ավելի մեծ բարոյական իրավունք կվերապահեն Ադրբեջանի հետ սիրախաղերի հարցում: Հարցերն իսկապես շատ են:

Մի բան հստակ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը գործադիր պաշտոն է, այսինքն ոչ թե որոշումներ կայացնող, այլ կայացված որոշումների հիման վրա աշխատող: Որոշումներ կայացնելու են ՀԱՊԿ անդամ պետությունները: Իսկ նրանք որոշում կայացնելու են իրենց ազգային-պետական շահերից ելնելով: Այդ շահերի փոխարեն Հայաստանի ներկայացուցիչ չի նշանակվել, այդ շահերը մնում են անփոփոխ:

Հետևաբար, առերևույթ բավական հնչեղ իրադարձությունը պրակտիկ քաղաքականության իմաստով մեծ հաշվով արարողակարգային է: Մյուս կողմից, իհարկե պետք չէ բացառել կուլիսային գործոնների առկայությունը, որոնք գուցե նպաստեին, որ Հայաստանի ներկայացուցչի հարցը ի վերջո լուծվեց՝ մի քանի հետաձգումից հետո:

Բայց այդ հանգամանքը առավել ևս առաջացնում է հարցեր և գուցե մտահոգություններ, որովհետև եթե խնդիրը լուծվում է կուլիսային հանգամանքների ազդեցությամբ, ապա հարց է առաջանում, թե որն է գինն ու ով է այն վճարելու, կամ ով ինչ գին է վճարելու:

Միով բանից, Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնվել է բավական պատասխանատու մի դիրքում: Բայց պարզ չէ, թե այդ դիրքում որն է Հայաստանի շահը և ինչ դիրքում է Հայաստանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing