Լրահոս

Զարուհի Փոստանջյանի խորամանկ քայլը

 

Երկիր Ծիրանի կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը Երեւանի քաղաքապետի ընտրությանն իր մասնակցության վերաբերյալ ասուլիս է տվել, որն աչքի է ընկել վայրի ընտրության օրգինալությամբ:Զարուհի Փոստանջյանն իր ասուլիսն անցկացրել է Էրեբունի ամրոց-հնավայրում, Արգիշտի արքայի սեպագիր արձանագրության ընթերցմամբ, որը դիտարկվում է իբրեւ Երեւանի ստեղծման այսպես ասած քարե վկայական:

Զարուհի Փոստանջյանն իհարկե օրիգինալ քայլ է կատարել եւ հետաքրքիր կլինի, եթե լրագրողների հետ հաջորդ բոլոր հանդիպումներն էլ լինեն Էրեբունիում: Գաղափարն իհարկե շատ լավն է եւ ափսոս կլինի, եթե այն սկսվի ու ավարտվի մեկ ասուլիսով:Զարուհի Փոստանջյանի Երկիր Ծիրանի կուսակցության համար Երեւանի քաղաքապետի ընտրությունն այցեքարտային հնարավորություն է, դա նորաստեղծ կուսակցության փաստացի ընտրական բեմելն է, որի ընթացքում Փոստանջյանն ու կուսակիցները մտադիր են իրենց գաղափարներն ու պատկերացումները ներկայացնել հանրությանը:

ԵԾ-ը Երեւանի ընտրության ֆավորիտը չէ, բայց հաստատ կանցնի Ավագանի, քանի որ այդպես է նախատեսում Ընտրական օրենսգիրքը, որովհետեւ Երեւանի ընտրությանը մասնակցում է ընդամենը երեք ուժ: Այսինքն, այդ դեպքում չկա անցողիկ շեմ՝ անցնում են բոլորը:Իսկ կանցնի՞ Երեւանի ընտրությունն այլ կերպ, քան խորհրդարանի ընտրությունն էր: Կա՞ որեւէ իրատեսական սպասում, որ ընտրությունը կարող է անցնել այլ համակարգով եւ կարող է արձանագրվել այլ ելք:Բայց դա իհարկե չի նշանակում, թե չկա այլընտրանք:

Այլընտրանք կա, եւ Զարուհի Փոստանջյանը ցույց է տվել բավական հետաքրքիր այլընտրանք: Էրեբունի ամրոց-հնավայրում պետք է կազմակերպել Երեւանի այլընտրանքային Ավագանի, այլընտրանքային քաղաքապետարան եւ հանրային այդ նախաձեռնությամբ սկսել «Նոր Երեւանի» կառուցում՝ սկսելով նոր մտածողությունից, նոր արժեհամակարգից, ձեւավորելով քաղաքի նոր տեսլական, նոր ռազմավարություն, ձեւավորելով քաղաքացի:

Ըստ այդմ, Էրեբունի ամրոց-հնավայրում պետք է կազմակերպել ոչ միայն ասուլիսներ, այլեւ այլընտրանքային Ավագանու նիստեր, սկզբնավորել հանրային-քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք կպայքարեն քաղաքի կառավարման գործում անօրինական, հանրային շահ չպարունակող որոշումների դեմ, կձեւավորեն այսպես ասած հանրային-քաղաքացիական դիմադրության օրակարգ՝ ընդ որում անկախ քաղաքական հայացքներից ու նախասիրություններից:Միեւնույն ժամանակ, մարտավարական իմաստով Զարուհի Փոստանջյանը կատարել է նաեւ բավական խորամանկ քայլ, նուրբ ենթատեքստով:

Բանն այն է, որ Էրեբունուց է ոչ միայն Արգիշտին, այլ նաեւ Տարոն Մարգարյանը: Այն ժամանակ, երբ նրա հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը պայքարում էր խորհրդային համակարգի դեմ, նա բնակվում էր հենց Էրեբունիում, ամրոց-հնավայրի լանջին գտնվող թաղամասում: Թերեւս հենց այնտեղ է անցել նաեւ Տարոն Մարգարյանի մանկությունը:

Այդ իմաստով, Էրեբունու մասով Փոստանջյանի կատարած քայլը պարունակում է ոչ միայն նախապատմական, այլ նաեւ քաղաքական իմաստ՝  Էրեբունում բնակվող Անդրանիկ Մարգարյանը պայքարում էր խորհրդային ամբողջատիրության դեմ, այժմ Զարուհի Փոստանջյանն Էրեբունիից սկսում է պայքարը նրա որդու՝ Տարոն Մարգարյանի ՀՀԿ-ական ամբողջատիրական համակարգի դեմ:Գուցե Էրեբունին իսկապես ունի մոգական ազդեցություն եւ երկու-երեք տասնամյակ անց Զարուհի Փոստանջյանի հիասքանչ դուստրերից մեկը կդառնա Երեւանի առաջին կին քաղաքապետը, նոր որակ բերելով քաղաքին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing