Զատուլինի նոր տհաճ անակնկալը Սերժ Սարգսյանին. Քոչարյանի խայթոցը

188

lragir.am — Երեւանում նոյեմբերի 30-ին բացված Լազարեւյան ակումբի հյուրը եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թեեւ Քոչարյանի դե ֆակտո կարգավիճակն այդ ակումբի համատեքստում գուցե ավելի մոտ է «տանտիրոջ», քան հյուրի: Նա հայտարարել է, որ ակումբի նախաձեռնող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինի հետ դեռ ամիսներ առաջ է քննարկել ակումբի ստեղծման նրա նախաձեռնությունն ու ողջունելով ասել, թե պատրաստ է աջակցել այդ նախաձեռնության իրականացմանը:

Թե որքան, ինչպես կամ ինչով է Քոչարյանն աջակցելու, պարզ չէ, սակայն հատկանշական է, որ ակումբի առաջին հյուրը Ռոբերտ Քոչարյանն էր: Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, թե հրավիրել էր Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներին: Առավել խորհրդանշական է, որ հրավերն ընդունել է միայն երկրորդ նախագահը, իսկ Սերժ Սարգսյանն օրինակ չկար:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին այդքան էլ լավ սպասումներ չունի Կոնստանտին Զատուլինից: Տարիներ առաջ՝ 2007 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հայկական մամուլում տեղեկություն եղավ, որ Զատուլինը Մոսկվայում Սերժ Սարգսյանին խաղատան «ռուլետկա» է նվիրել, ակնարկելով, թե դա է Սերժ Սարգսյանի գործը, չարժե գլուխը դնել քաղաքականության տակ: Դա այն շրջանն էր, երբ Հայաստանում հանգուցալուծում պետք է ստանար իշխանության փոխանցման խնդիրը՝ առաջին անգամ հերթական ընտրությամբ փոխանցման խնդիրը, որովհետեւ 1998-ին այն փոխանցվել էր ներիշխանական հեղաշրջման տեխնոլոգիայով:

Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ ձգտում էր առաջ տանել Բարգավաճ Հայաստան քաղաքական նախագիծը, նախագահի 2008 թվականի թեկնածու դիտարկելով Վարդան Օսկանյանին, ու թերեւս ակնկալելով այդ դասավորության մեջ լինել ԲՀԿ խորհրդարանական նոր մեծամասնության վարչապետը: Մեծ հավանականությամբ դիտարկվում էր Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման տարբերակը, երբ չորս տարի անց Վարդան Օսկանյանի փոխարեն դարձյալ կվերադառնար Ռոբերտ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանն իշխանության համար պայքարում էր ՀՀԿ միջոցով: Ի վերջո, իսկապես ժողովրդական մեծ հետաքրքրություն եւ համակրանք առաջացրած նորաստեղծ ԲՀԿ-ն, որ հայտարարում էր 400 հազար անդամի մասին, խորհրդարանի ընտրությանը ստացավ 200 հազար ձայն, իսկ Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր անել իր «միակ տղամարդկային» կեցվածքին ոչ բնորոշ քայլ՝ գնալ Մելիք Ադամյան Սերժ Սարգսյանին շնորհավորելու:

Այստեղ թերեւս առանցքային դեր ունեցավ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը կարողացավ նաեւ Ռուսաստանին դարձնել իր դաշնակից, Վարդան Օսկանյանի գործոնն օգտագործելով Մոսկվային հավաստիացնելու համար, որ Ռոբերտ Քոչարյանն իրականացնում է անցում դեպի Արեւմուտք:

Ըստ երեւույթին, հենց այդ «դասն» էր նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում փորձեց խաղարկել նույն խաղաքարտը՝ Սերժ Սարգսյանին ամեն կերպ մեղադրելով Հայաստանն Արեւմուտք տանելու համար, սակայն արդեն ապարդյուն, քանի որ խաղաքարտը արդեն մաշված էր:

Սակայն, երկրորդ նախագահը շարունակում է դիմել դրա օգնությանը, թերեւս այլ խաղաքարտ չունենալու պատճառով: Մեծ հավանականությամբ դրան կծառայի նաեւ Լազարեւյան ակումբը, որը ստեղծվել է իբրեւ թե հայ-ռուսական բարեկամության վերափոխմանը ծառայելու համար, բայց դատելով արդեն իսկ առաջին հավաքի կազմի գերակշռող մասից եւ հնչած մտքերի ու դիտարկումների մեծամասնությունից՝ իրականում փորձելու է հայ-ռուսական հարաբերության վերափոխման իսկապես արդիական խնդիրը ծառայեցնել պարզապես մի քանի հայկական եւ ռուսական խմբերի շահերին, շարունակելով այդ տրամաբանությամբ մսխել հայ-ռուսական հարաբերության իրապես ռազմա-քաղաքական կարեւոր ներուժը:

Ահա այդ համատեքստում, օրինակ, հնչել են տարբեր հայտարարություններ, թե Հայաստանի նոր իշխանությունը չունի Ռուսաստանի հետ աշխատանքի փորձ, Ռուսաստանի հետ աշխատանքի փորձ չի ունենալու Հայաստանի խորհրդարանի նոր մեծամասնությունը:

Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, թե պետք է էմոցիաները եւ լեզուն երբեք առաջ չանցնեն մտքից, ու պետք չէ առկա խնդիրները քննարկել հրապարակավ, քանի որ դա բարդացնում է լուծումները: Երկրորդ նախագահն անշուշտ իր փորձով է ասում, որովհետեւ խնդիրները հրապարակային քաղաքականության քննարկման առարկա դարձնելու փոխարեն, նրա նախագահության շրջանում դրանք լուծվում էին Հայաստանի համար կարեւոր ձեռնարկությունները Ռուսաստանին հանձնելու միջոցով:

Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է, որ երկրորդ նախագահը նկատելի տողատակով խայթեց Սերժ Սարգսյանին, հայտարարելով, թե հայ-ռուսական հարաբերության մեջ անընդհատ մի կողմի ակնկալիքները, անընդհատ ինչ որ բան խնդրելու պահվածքը զայրացնող է եւ բերում է ոչ թե դաշնակցության, այլ վասալության: Երկրորդ նախագահն ակնարկում էր Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը, նկատի ունենալով այն, որ ինքն օրինակ Ռուսաստանից միակողմանի ինչ որ բան չի ակնկալել, այլ տվել է ինչ որ բան ու դիմացը ինչ որ բան էլ ստացել, իսկ ահա Սերժ Սարգսյանը կամ ոչինչ չի տվել կամ տվածը չի եղել ակնկալածին համարժեք:

Այդ իմաստով, երկրորդ նախագահ Քոչարյանը կամա թե ակամա բացահայտել է հայ-ռուսական հարաբերության նենգափոխման աբողջ անատոմիան, որի քայքայումը հանգեցրեց 2016 թվականի քառօրյա պատերազմին, եւ միայն հայկական բանակն ու հանրությունը կարողացան կանխել Հայաստանի ու նաեւ Ռուսաստանի խոշոր պարտությունը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache