Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանն ու մյուսներն ազատ արձակվեցին

74

lragir.am — Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Հրայր Թոփչյանը:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումով վերջիններս, սակայն, ոչ թե արդարացվեցին, այլ նրանց խափանման միջոցը կալանքից փոխվեց ստորագրությունը չհեռանալու մասին: Մասնավորապես, դատարանը մեղմացրեց Սեֆիլյանի նկատմամբ պատիժը՝ նշանակվեց ազատազրկում՝ 5.5 ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց պատգամավորների երաշխավորությամբ:

Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Հրայր Թոփչյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի ժամկետով: Վերջիններս անհապաղ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով պահանջում էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ:

Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ, արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Ժիրայր Սեֆիլյանն իր իսկ գործով քննությանն այդպես էլ չկարողացավ ո՛չ ցուցմունք տալ, ո՛չ էլ հանդես գալ պաշտպանական ճառով եւ անգամ վերջին խոսքով․ դատավորը թույլ չտվեց նրան խոսել նստած:



Загрузка...