good-banner
Լրահոս

Ժպտացեք, ժպիտը ձեզ շատ է սազում

 

Question and answer session between the RA National Assembly and the RA Government took place at the RA NA

Hraparak.am Սոցցանցերում երեկ հայտնվեց մի տեսահոլովակ, որտեղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներով ջազ է նվագում: Բարձրաստիճան պաշտոնյայի անմիջական եւ անսովոր կերպարը հիացմունքի ալիք բարձրացրեց։ Ազգային ժողովում երեկ կառավարության հետ հարցուպատասխանի օր էր, եւ հույս ունեինք մի քանի հարց ուղղել նորանշանակ վարչապետին։ Սակայն, նախքան կառավարության անդամների եւ վարչապետի գալը, խորհրդարանում անվտանգության աննախադեպ ռեժիմ էր հաստատվել, համարյա այնպիսի, ասես «Systrem of a Down» ռոք խումբն էր այցելել Հայաստան։ Նախարարներին ու հատկապես վարչապետին խիստ հսկողության տակ էին վերցրել ԱԺ անվտանգության աշխատակիցները՝ մի քանի տասնյակ մետր շառավղով փակելով դեպի վարչապետը տանող բոլոր ճանապարհները։ Լուրեր տարածվեցին, թե պատճառն այն է, որ Կարապետյանն իր անդրանիկ այցի ժամանակ նեղսրտել է լրագրողների որոշ հարցադրումներից։

Նկատելի էր, որ խիստ լարված էին նաեւ նորանշանակ անփորձ նախարարները, որոնք խոժոռ ու մռայլ դեմքերով նստել էին իրենց տեղերում։ Փոխարենը շատ ակտիվ էր կառավարության «դեմբել», սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա շարունակ, ընդ որում՝ ժպիտով, ինչ-որ բան էր ասում իր կողքին, դիմացը եւ անգամ հետեւում նստած գործընկերներին, ասես Սփյուռքում ամեն ինչ նորմալ է, չկա նաեւ հալեպահայության խնդիրը։ Կառավարության կաբինետի լարվածությունն այնքան ակնհայտ էր, որ պատգամավորները ժպտալու կոչեր հնչեցրին։ «Ժպտացեք, ժպիտը հատկապես Ձեզ շատ է սազում, պարոն վարչապետ»,- խորհուրդ տվեց Թեւան Պողոսյանը։ Կարեն Կարապետյանն ընդունեց նկատողությունը եւ արդեն ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շախմուրադյանի հարցին թեպետ չուներ հստակ պատասխան, բայց դեմքին հոլիվուդյան ժպիտ էր հայտնվել։ Իսկ պատգամավորը վարչապետին հիշեցնում էր նրա ելույթը, որում հայտարարել է, որ պետական ապարատում պետք է ընդգրկվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ «Սակայն ինչպես ինքներդ էիք հայտարարել, լավ կադրերը պահանջված են ամեն տեղ, ու բարձր որակավորում ունեցողներն ամեն տեղ են պահանջված, եւ նրանք մասնավոր տեղերում են աշխատում ավելի բարձր աշխատավարձով: Հիմա ինչպե՞ս եք հրապուրելու այդ մասնագետներին պետական ծառայությամբ, որտեղ վարձատրությունն ավելի ցածր է»,-հարցրեց նա:

Կարապետյանն անկեղծացավ. «Պայմանավորվել էինք, չէ՞, անկեղծ խոսել, չգիտեմ: Այ, իրոք չգիտեմ, պետք է մեջներից ընտրենք մարդկանց, որոնք միսիա են տեսնում: Եվ ճիշտ չի լինի խոսել պետական պաշտոնյայի աշխատավարձի բարձրացման մասին, երբ մենք դեռ չենք լուծել շատ այլ խնդիրներ: Բայց պետական կառավարման համակարգն էֆեկտիվ դարձնելու համար մենք պետք է այդ հարցին անդրադառնանք, հակառակ դեպքում չենք ունենա որակյալ կառավարիչներ. դա իսկապես խնդիր է»:

Կառավարությանը փորձեց ժպիտ պարգեւել նաեւ Տիգրան Ուրիխանյանը. նա հայտարարեց, որ բյուջեից գողացվել է 21 մլն. դրամ. «Հայաստանի ինտերնետային տիրույթում գործում է իրեն կայք համարող մի երեւույթ: Սույն կայք կոչվողից ընթերցում եմ վերնագրեր. գործող նախարարի մասին գրված է, որ նա անդաստիարակ է։ Հանրության կողմից ընդունված ու սիրված մի քաղաքական գործչի մասին գրված է, որ նա կամ ոչխար է, կամ դիվերսանտ, գեներալներից մեկի հասցեին գրված է, որ նա ձեռք է տալիս…, «Սասնա ծռերի» տղերքից մեկի մասին գրված է, որ նա գիժ է ու տականք, գործող պատգամավորներից երկուսի մասին գրված է, որ նրանցից մեկը բռնաբարել է մյուսին։ Գործող նախարարներից երկուսի մասին գրված է, որ նա միասեռական էլ չէ, այլ՝ սիֆիլիսի բակտերիա։ Գործող քաղաքապետերից մեկի մասին գրված է, որ նա ժամկետանց ապրանք է, փոխխոսնակներից մեկի մասին՝ որ նա բութ է եւ շատակեր, գործող վարչապետի մասին՝ որ նա պահանջում է իր ենթականերից գողանալ եւ այլն»։ Թվարկումների ընթացքում սկզբում ժպիտ, ապա քրքիջ լսվեց կառավարության օթյակում։

«Հիմա հարցը՝ այս կայքի սեփականատերը կոչվում է Արտյոմ Խաչատրյան, նա «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ տնօրենն է, որին տրվել է արտոնյալ գյուղատնտեսական վարկ՝ 21 մլն. դրամի չափով, որը չի վերադարձվել, ներկայացվել է դատական հայց: Արձագանքեք՝ ո՞վ է սա տվել, ինչո՞ւ է այդպես»,- հարցրեց Ուրիխանյանը։ Բայց ոչ վարչապետ Կարեն Կարապետյանը, ոչ էլ կառավարությունից որեւէ մեկը չպատասխանեց նրան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ կառավարությունը գրավոր կպատասխանի: Իսկ, ընդհանուր առմամբ, տեխնոկրատների կաբինետն առաջին քննությունը հանձնեց առանց լուրջ վրիպումների։

ՀԳ. Նիստից հետո խոսեցինք Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի հետ։ Նա ասաց, որ վարչապետի ցանկությունը չի եղել նման խստացված կարգը։ «Եթե Դուք նկատել եք, վարչապետը միշտ էլ շատ հարգալից եւ բաց է մասմեդիայի հետ շփումներում։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովի տարածքում անվտանգության միջոցառումներին, դա բացարձակ իմ իրավասության հարցը չէ։ Ամեն դեպքում՝ վարչապետի մոտ նման խնդիր չի եղել»,-ասաց Շուշան Սարդարյանը։ Լուսինե

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara