ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՊԼՈՄԻ ՀԱՄԱՐ

5

hraparak.am — Օրերս համացանցում ամենաշատը քննարկվող հարցերից էր նաև Նիկոլ Փաշինյանի դիպլոմ չունենալու հանգամանքը։ Մարդիկ սկսեցին փորփրել Փաշինյանի կենսագրության՝ վաղուց մոռացված ու երկրորդ պլան մղված էջերը։ Մի մասը նրան նույնիսկ սկսեց համեմատել պատմական կերպարների ու գործիչների հետ, որոնք կամ դասախոսների կողմից են անտեսված եղել, կամ դիպլոմ չեն ունեցել։

Եվ այսպես՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը ժամանակին բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին էր կոչվում, ստորագրահավաք է անցկացնում՝ Փաշինյանին դիպլոմ տրամադրելու համար։ Նիկոլ Փաշինյանը, որը սովորել է այդ ֆակուլտետում, ընդ որում՝ գերազանց, համալսարանից դուրս է թողնվել 5-րդ կուրսի ավարտական քննություններից 5 օր առաջ։ Այժմ ֆակուլտետի ուսանողները պայքարում են արդարության վերականգնման համար․

«1995 թվականին ԵՊՀ ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին հեռացրել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսից: Համալսարանի ղեկավարության պատճառաբանությունը դասապրոցեսից բացակայություններն էին։

Այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայ մամուլի պատմության մեջ առանցքային դեր ունի` կասկած անգամ լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանը մեր ժամանակի լավագույն լրագրողներից է, իսկ վերջինիս հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն երկու տասնամյակ հայաստանյան ամենապահանջված լրագրերից մեկն է:

Եվ քանի որ միջազգային փորձում էլ առկա են դեպքեր, երբ համալսարանից հեռացված ուսանողին տարիներ անց բացառության կարգով հանձնում են դիպլոմ, մենք` ներքոստորագրյալներս, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից, ապա վերջինիս միջնորդությամբ ԵՊՀ ղեկավարությունից խնդրում ու պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել Երեւանի պետական համալսարանի դիպլոմ:

Մենք արժանի ենք համարում, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լինի մեր ֆակուլտետի շրջանավարտ »,- նշված է ֆակուլտետի ուսանողների տարածած հայտարարությունում, որի տակ իրենց ստորագրությունն է դրել ֆակուլտետի շուրջ 60 ուսանող։

Ստորագրահավաքի կազմակերպիչներից Հայարփի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ակցիան կազմակերպել են հենց համացանցում շրջանառվող խոսակցությունների պատճառով, որոնց համաձայն՝ Փաշինյանը չի կարող ընտրվել վարչապետի պաշտոնում, քանի որ չունի դիպլոմ․

« Ուրեմն երկար ժամանակ խոսվում է, որ ինքը վարչապետ չի կարող լինել, որովհետև չունի դիպլոմ, և ոչ բոլորը գիտեն, թե Փաշինյանին ինչի համար են հեռացրել համալսարանից։ Անկախ նրանից՝ նա դիպլոմ կունենա, թե ոչ, նրա քաղաքական գործիչ և լրագրող անձերի պրոֆեսիոնալիզմը չի տուժում։ Ստորագրահավաք ենք նախաձեռնել, որպեսզի ինչ-որ չափով վերականգնենք արդարությունը, հայտարարության մեջ էլ նշում ենք, որ մենք արժանի ենք համարում, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լինի մեր ֆակուլտետի շրջանավարտ, եթե պնդում են, որ հեռացրել են բացակաների պատճառով, ապա կարող ենք ասել, որ Փաշինյանը իր հարցազրույցներում բազմիցս նշել է իր հեռացվելու իրական պատճառը։ Ֆակուլտետի դեկան պարոն Մարտիրոսյանին դիմումը կներկայացնենք առաջին աշխատանքային օրը՝ երկուշաբթի, մենք նրան խնդրելու ենք դիմումը միջնորդել ռեկտորատ։ Նաև ասեմ, որ ստորագրահավաքին մասնակցել են 100-ից ավելի ուսանողներ՝ տարբեր ֆակուլտետներից ու համալսարաններից»,- մեզ հետ զրույցում ասաց ֆակուլտետի ուսանողուհի Հայարփի Բաղդասարյանը։

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե տեղյա՞կ է, որ ուսանողները նման ստորագրահավաք են նախապատրաստում և պատրաստվո՞ւմ է միջնորդել ռեկտորատ, պատասխանեց, որ օրենքով նման լիազորություններ չունի․

«Ես օրենքով նման լիզորություններ չունեմ ստորագրահավքի դիմում միջնորդելու ռեկտորատ։ Տեղյակ եմ, որ Փաշինյանի հետ կապված նման դեպք է եղել 90-ական թվականներին, սակայն ես այդ ժամանակ վարչական աշխատանքի չեմ եղել և չգիտեմ, թե ով և ինչպես է միջնորդել համալսարանից նրա հեռացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache