Լրահոս

Զինված խմբի բացահայտումը

 

arm14690313417

lragir.am – Հուլիսի 17-ին Հայաստանում հաստատված զինված դիմակայության կապակցությամբ հասարակության արձագանքներում հաճախ հնչող հարցերից մեկը դարձել է այն, թե ու՞ր են կուսակցությունները, քաղաքական ուժերը, առաջնորդները, որոնք «սովորական» վիճակներում եղանակ են փորձում թելադրել, հանդիսանում են այսպես ասած քաղաքական գործընթացի հիմնական դերակատարներ:
Ներկայում ասպարեզում է միայն Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության դե ֆակտո առաջնորդն ու պատգամավորը, որը ծավալում է աշխույժ գործունեություն իրավիճակի սրման առաջին իսկ ժամերից, ընդ որում կատարելով ոչ միայն քաղաքական, այլ նաեւ լրագրողական գործառույթ՝ օգտվելով իր պատգամավորական կարգավիճակի ընձեռած հնարավորությունից:
Այլ քաղաքական ներգրավումներ կարծես թե չկան, խաղաղ հանգուցալուծման, համախմբման մասին մի քանի հերթապահ, անբովանդակ հայտարարությունից բացի:
Եվ այն, որ դրանք չկան, զարմանալի չէ, ինչպես զարմանալի չէ օրինակ իշխանության առաջին դեմքերի լռությունը: Ինչպես իշխանությունը, այդպես էլ այսպես կոչված քաղաքական հիմնական ուժերը, դերակատարները եւ կուսակցությունները, իրենց ճնշող մեծամասնությամբ, առանձին բացառություններով հանդերձ, որեւէ կապ չունեն հասարակության հետ: Նրանք ավելի մոտ չեն հասարակությանը, քան իշխանությունը:
Նրանց իսկ գործունեության հետեւանքով, Հայաստանի հանրության շրջանում այդ ուժերի եւ գործիչների ու իշխանության հանրային հեղինակության կամ վստահության տարբերությունը զրոյացվել է: Տարբերությունը ներկայում մնացել է թերեւս այն, որ իշխանությունը հասարակության առաջ ունի միայն իրավական ավելի պատասխանատվության խնդիր, թեեւ պետության հանդեպ մի շարք քայլերում ընդդիմադիր ուժերը լիովին կարող են անցնել հանցակցի կարգավիճակով՝ մասնավորապես Հայաստանի ինքնիշխանության դեմ կատարված մի շարք քվեարկությունների մասով:
Այդպիսի քաղաքական դասը, ուժերը, կուսակցությունները չեն կարող որեւէ ներգրավվածություն ունենալ ստեղծված իրավիճակում, որովհետեւ այն ենթադրելու է պատասխանատվություն ամեն մի բառի համար:
Փաստացի, այդ պատասխանատվության դաշտ մտել է միայն Նիկոլ Փաշինյանը, ով ներկայում ունի քաղաքական գործունեության ազատության եւ անկաշկանդության բավարար ասպարեզ: Այդ իսկ պատճառով նա արձանագրել է այդ գործունեության դաշտը, այն դատարկ չթողնելու անհրաժեշտությունը եւ ձեռնամուխ եղել քաղաքական գործառույթի իրականացմանը, որը անհրաժեշտ է թե զինված դիմակայության նախաձեռնող խմբին, թե իշխանությանը, թե նաեւ հասարակությանը:
Ներկայում Հայաստանի քաղաքական դասից Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում է միայն Նիկոլ Փաշինյանը: Զբաղվել քաղաքականությամբ, նշանակում է ստանձնել հանրային որեւէ պատասխանատվություն:
Պատասխանատվության խնդիրը գտնվում է հարցերի առանցքում, հիմքում, պատճառների խորքում: Մեծ հաշվով, Հայաստանը ներկայիս իրավիճակին հասցրել է գլոբալ անպատասխանատվությունը, բոլոր մակարդակներում:
Իշխանությունների քառորդդարյա պատասխանատվությունն առաջնայինն է, այն ենթակա չէ դույզն իսկ նվազեցման, այն վաղուց գտնվում է քրեա-իրավական հարթությունում, եւ այստեղ քննարկելու հարց այլեւս չկա:
Բայց, ինչպես որեւէ այլ պատասխանատվության մասին խոսելը դույզն իսկ չի նշանակում իշխողների պատասխանատվության նվազեցում կամ լղոզում, այդպես էլ իշխողների պատասխանատվությունը դույզն իսկ չի նվազեցնում հասարակական-քաղաքական կյանքում քառորդ դար ներգրավված այլ սուբյեկտների պատասխանատվության խնդիրը:
Ի վերջո, նաեւ այդտեղ տապալումն է, որ Հայաստանը հասցրել է ծայրահեղությունների խաչմերուկի, որտեղ խցանումն է, փակուղին, որ առաջացնում է այդօրինակ պայթյուններ:
Այդ խաչմերուկում են հավաքվել Հայաստանում թե իշխանական ամենաթողությունն ու հանցավորությունը, թե քաղաքական երեսպաշտությունը, հասարակական պատեհապաշտությունը, քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության կայացման փոխարեն 88-ից հետո ձեւավորված դրա սերմերի եւ նախադրյալների տոտալ փոշիացումը, քաղաքական առեւտրի մանրադրամի վերածումը:
Հայաստանում ձեւավորվեցին ընդդիմադիր քաղաքական ուժեր, բայց նրանք չձեւավորեցին ընդդիմադիր քաղաքացի, կամ պարզապես քաղաքացի, որն իհարկե Հայաստանում չի կարող չլինել ընդդիմադիր: Որովհետեւ քաղաքացին ինչքան պահանջկոտ էր լինելու իշխանության հանդեպ, նույնքան պահանջկոտ լինելու էր այդ ուժերի հանդեպ:
Իսկ դա նշանակում է, որ նրանք կամ պետք է սպասարկեին այդ պահանջները՝ հանրային կռապաշտություն ձեւավորելու եւ այն շահագործելու փոխարեն, կամ պետք է զիջեին ասպարեզը ուժերի, որոնց համար քաղաքականությունը ստեղծագործական դաշտ է, ոչ թե փեշակ:
Ընդ որում, քաղաքացի չձեւավորելու, քաղաքացու ձեւավորում թույլ չտալու հարցում այդ ուժերի եւ իշխանության բնական դաշինքը ժամանակի ընթացքում դարձավ բավական կուռ: Այնքան կուռ, որ անգամ միմյանց միջեւ ամենաթեժ բախումներից հետո, երկու սուբյեկտները այդուհանդերձ միավորվում էին որեւէ նոր ծրագրի շուրջ միմյանց, ոչ թե հասարակության հետ:
Հայաստանյան քաղաքականությունն ու պետականությունն այդ ամենի հետեւանքով մնացին «օդում»՝ այդպես էլ չունենալով արժեքային եւ գաղափարական ուղենշային հենարաններ:
Ներկայում ստեղծված իրավիճակում, հասարակությունը գիտակցորեն փնտրում է իշխանության կամ քաղաքական ուժերի որեւէ խոսք, իսկ իրականում՝ ենթագիտակցորեն փնտրվում են արժեքային ուղենիշներ:
Պատահական չէ, որ առկա իրավիճակը առավելապես պարփակվել է զինված դիմակայության գնացած անձանց տրվող «հերոս» կամ «դավաճան», «ահաբեկիչ» կամ «նահատակ» ու այլ բնորոշումների շուրջ «քաղաքացիական պատերազմի» շրջանակում, որից դուրս գործնականում բոլոր ուղղություններով անելանելիություն է, որովհետեւ պետականության քառորդ դարի ընթացքում չեն ձեւավորվել արժեհամակարգային ուղենիշները, որոնք կթելադրեին որեւէ իրավիճակի առավել խորքային եւ հեռահար հանրային արձագանք:
Թեեւ, արժեհամակարգային այդ ուղենիշների ձեւավորվածության պարագայում, դրանք հանրային կյանքի, հանրային գիտակցության հիմքում դնելու պարագայում Հայաստանում ներքին ստատուս-քվոն էլ քառորդ դարում չէր հասնի ծայրահեղ անհավասարակշռության:
Զինված խումբն իր քայլով ավելի մեծ թվով քաղաքացիների համար է բացահայտել այդ վիճակը: Հայաստանում բացահայտվել է քաղաքական վակուումը, բացահայտվել է իր խիստ վտանգավոր հետեւանքով, գուցե մինչ այժմ անպատկերացնելի հետեւանքով՝ իհարկե քաղաքական դաշտը ոչնչացրած իշխանության, բայց նաեւ «պատրաստակամորեն» ոչնչացվող եւ նաեւ տարբեր տարիներին իշխանության կազմում այդ ոչնչացումն իրականացրած քաղաքական ուժերի պատասխանատվությամբ:
Բացահայտվել է այդ իրողության վտանգավորության մի աստիճան, որը գուցե չէր պատկերացնում ոչ ոք եւ որն իր խորքային սպառնալիքով պետության համար գուցե ավելին է, քան ապրիլյան պատերազմը կամ արտաքին որեւէ վտանգ, որովհետեւ արտաքին վտանգն իր ուժգնությամբ հանդերձ՝ ջնջում է ներքին սահմանները, իսկ այն վտանգը, որ պայթել է Հայաստանում քաղաքականություն երեւույթի հավաքական ոչնչացումից հետո, սահմանները բերում է ընդհուպ մայրաքաղաքի թաղեր ու փողոցներ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am