Զինվորի մայրը չհասավ կառավարություն

185

Aravot.am — Այսօր կառավարության առաջ Եղեգնավան գյուղից բողոքի ցույցի եկած զինվորի մայրը՝ Հասմիկ Թադեւոսյանը, չհասցրեց դիմել կառավարություն: Տեղ հասնելուն պես տիկնոջը մոտեցան բարերարներ Բելգիայից ու հանձնեցին 7 հազար եվրո գումար: Ճիշտ այդքան պակասում էր նրա՝ ապրիլյան պատերազմից հետո հաշմանդամություն ձեռքբերած որդու՝ Դավիթ Թադեւոսյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար: Դավիթին պետք է տեղափոխեն Գերմանիա:

Զինվորի մոր պատմելով՝ ապրիլյան պատերազմից հետո, ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը որդին ծայրահեղ ծանր վիճակում, ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան, սակայն ոչ թե վիրավորված է եղել, այլ՝ նրա մոտ հանկարծակի ձեռքբերովի էպիլեպսիա է հայտնաբերվել: Ինչպես տիկին Թադեւոսյանն է պատմում՝ պաշտպանության նախարարությունը բուժօգնությունն այստեղ կազմակերպել է, սակայն հրաժարվել է արտերկիր ուղարկել՝ պատճառաբանելով, որ դիրքերում չի եղել, զորամասում ծառայության ընթացքում է եղել:

Որդուն Գերմանիա տանելու համար ֆինանսավորելու ակնկալիքով պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանին էլ է դիմել, առայժմ պատասխան չի ստացել: Բայց զինվորի մոր խոսքով՝ որդու կյանքը վտանգի տակ է եւ այլեւս չի կարող սպասել պատասխանների:

Դավիթ Թադեւոսյանը, ճիշտ է, անկողնային չէ, արդեն սայլակով է, քանի որ հայաստանյան բժիշկները նրան ոտքի են հանել, սակայն բուն խնդիրը չի վերացել: Այն բուժելու համար գերմանացի բժիշկներն են երաշխիքներ տվել: Մեկնումը, սակայն, գումարի պատճառով հետաձգվել է: Ընդհանուր առմամբ 12 հազար եվրո է պահանջվել. 5 հազարը ընտանիքը մի կերպ հավաքել է, մնացած՝ 7 հազար եվրոն, սակայն, չէր գտնվում:

Բարերարների այցը տիկնոջ համար էլ անակնկալ է եղել: Մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եկել էր կառավարություն՝ բողոքի ցույց անելու, բայց անգամ դռներին էլ չի հասել:
Կառավարությունից դուրս չեն եկել, չեն ընդունել, բողոքը չեն լսել, քանի որ բարերարներն անմիջապես մոտեցել են:

Գումարը զինվորի մորը հանձնեց «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը՝ բարեգործական այլ ընկերություններին էլ կոչ անելով միանալ. «Պետք է հնարավորինս աջակցենք: Սա մեզ համար ամենակարեւոր խնդիրներից է, կառավարությունը թող ավելի գլոբալ հարցերով աշխատի, մինչեւ որ կկարողանա նման հարցերն իր վրա վերցնել»:

Հիմնադրամը Բելգիայում է գործում, սակայն բարերարները պատրաստակամ են զինվորի մորը, իրենց գործընկերների միջոցով Գերմանիայում էլ աջակցեն թարգմանության, տրանսպորտի եւ այլ տեխնիկական հարցերով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache