Լրահոս

Զորամասը հիշեցնում էր կոնցլագեր` մեզ շրջապատել էին դիմակավորված ավտոմատավորներ. Արմեն Մարտիրոսյան

 

Armen Martirosyan gives a press conference in Peoplemeter press club

nyut.am — Երեկ երեկոյան Խորենացի փողոցից, ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, բերման է ենթարկել նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մի քանի ժամ պահելուց հետո նրան ազատ են արձակել: Մենք զրուցեցինք Ա.Մարտիրոսյանի հետ և փորձեցինք պարզել, թե իրականում ինչ է եղել:

 

-Ըստ էության, ոստիկանությունը հերթական անգամ կոպտագույն խախտում թույլ տվեց: Ակնհայտ էր, որ դա մարդկանց բերման օպերացիա էր, իսկական մարդաորս: Ուժային լծակներ կիրառելով` մարդկանց ապօրինի կերպով բերման էին ենթարկում:

ասացի՞ն, թե ինչ հիմունքներով են Ձեզ բերման ենթարկում:

-Ոչ: Բերման ենթարկելուց մոտ 2.5 ժամ հետո, երբ արդեն հետաքննիչներն սկսեցին աշխատել, ասացին, որ հուլիսի 21-ի գործով է: Դրանից հետո արդեն Քննչական կոմիտեում նույնպես ասացին, որ 21-ի գործով է:

Նշեմ, որ ինձ բերման ենթարկելը տևեց 3.5 ժամ: Ու երբ հանրահավաքն ավարտվեց, բաց թողեցին: Ասեմ նաև, որ սկզբում ինձ տարան Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ գտնվող ներքին զորքերի 10/33 զորամաս, այսպես կոչված ՕՄՕՆ-ի զորամաս: Իմիջայլոց փաստաբանիս թույլ չեն տվել ներս մտնել: Դա էլ մեկ ուրիշ խախտում էր: Զորամասից հետո ինձ տեղափոխեցին Քննչական կոմիտե`իբրև թե քննության: Բայց ոչ բերման ենթարկվելու ընթացքում, ոչ էլ հետո քննիչների մոտ որևէ ցուցմունք չեմ տվել:

Պահանջել են` դուք հրաժարվե՞լ եք:

-Հարցրել են` ցուցմունք կտա՞ք: Ասել եմ` ոչ: Միայն ՔԿ-ում բացատրություն եմ տվել, թե ինչու եմ հրաժարվում ցուցմունք տալուց, այն է` սա զուտ քաղաքական հետապնդում է, մարդու հիմնարար ազատությունների կոպտագույն խախտում:

Ի դեպ, զորամասը հիշեցնում էր կոնցլագեր` մեզ շրջապատում էին դիմակավորված ավտոմատավորներ:

Ասացիք` հուլիսի 21-ի դեպքերի առիթով են Ձեզ բերման ենթարկել: Իսկ Ձեզ ինչի՞ մեջ են կասկածում:

-Այդ օրը տեղի ունեցած զանգվածային «անկարգությունների» հետ կապված քրեական գործ է հարուցվել: Իսկ ինձ բերման են ենթարկել իբր մասնակցության կասկածանքով: Բայց դրա համար կա իրավական ընթացակարգ` ծանուցագիր են ուղարկում, ոչ թե փողոցից են բերման ենթարկում:

Ձեզ հետ էլի՞ մարդիկ կային:

-Ինձ հետ էին Եղիշե Պետրոսյանը` հայտնի երգահանը, փորձագետ Սարո Սարոյանը, Դավիթ Սանասարյանը, «Հայազն» կուսակցությունից Արմեն Մկրտչյանը: Այնտեղ տեսա դերասանուհի Արսինե Խանջյանին: Մի խոսքով, լավ մասսա էր:

Իսկ Ձեզ ինչպե՞ս են վերաբերվել:

-Բոլորի անունից չեմ կարող ասել, բայց իմ, Դավիթ Սանասարյանի, Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ նորմալ են վերաբերվել:

Ըստ Ձեզ, ոստիկանությունը այս գործողություններո՞վ ինչի է ձգտում:

-Իրականում ոստիկանությունը չգիտի, թե ինչ է անում: Ինչ հրամայում են, դա էլ անում է: Ոչ մտածում են, ոչ էլ օրենքի տառին են հետևում: Ոստիկանությունը մեր փողերով իշխանության համար ապօրինի ծառայող զինված կառույց է:

Իսկ հանրահավաքների էլի գնալո՞ւ եք:

-Պարտադիր: Բա որ ես չմասնակցեմ, ո՞վ մասնակցի:

Փաստորեն Ձեզ չեն կարողացել վախեցնել:

-Իմ վախը վաղուց են բռնել: Սա առաջին դեպքը չէ, բայց հուսով եմ` գոնե վերջինը կլինի: Երկիրը կնորմալանա:

 

Արփի Սահակյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing