Հոջկինի լիմֆոմա


Հոջկինի լիմֆոման (ՀԼ), լիմֆոմայի տեսակ, որն առաջանում է արյան սպիտակ բջիջների յուրահատուկ տեսակներից՝ լիմֆոցիտներից։ Ախտանիշներից են տենդը, գիշերային քրտնարտադրությունը և քաշի կորուստ։ Երբեմն հանդիպում են անցավ մեծացած ավշային հանգույցներ պարանոցի հատվածում, թևատակերում կամ աճուկային շրջանում։ Հիվանդները կարող են ունենալ հոգնածություն կամ քոր։

Հոջկինի լիմֆոմայի դեպքերի մոտ կեսը պայմանավորված է Էպշտեյն-Բարի վիրուսով (ԷԲՎ)։ Այլ ռիսկի գործոններից է ընտանեկան պատմությունը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առկայությունը։ Տարբերում են Հոջկինի լիմֆոմայի 2 հիմնական տիպ՝ դասական Հոջկինի լիմֆոմա և հանգուցային լիմֆոցիտ-պրեդոմինանտ Հոջկինի լիմֆոմա։ Ախտորոշումը հիմնականում հաստատվում է Հոջկինի բջիջների հայտնաբերումով, ինչպիսիք են, օրինակ՝ ավշային հանգույցներում բազմակորիզանի Ռիդ-Շտերնբերգի բջիջները (ՌՍ բջիջներ)։

Հոջկինի լիմֆոման կարող է բուժվել քիմիոթերապիայովճառագայթային թերապիայով կամ ցողունային բջիջների տրանսպլանտացիայով։ Բուժման մեթոդի ընտրությունը սովորաբար կախված է քաղցկեղի բարդության աստիճանից և դրական կանխորոշիչ նշանների առկայությունից։ Վաղ փուլերում հիվանդությունը հնարավոր է բուժել։ ԱՄՆ-ում 5-ամյա ապրելիությունը 86% է։ Մինչև 20 տարեկանը ապրելիությունը 97% է։ Սակայն ճառագայթային բուժումը և որոշ քիմիոթերապևտիկ միջամտությունները հետագա մի քանի տասնամյակների ընթացքում մեծացնում են այլ քաղցկեղների, սրտային և թոքային հիվանդությունների առաջացման ռիսկը։

2015թ-ին 574,000 մարդ հիվանդացել է Հոջկինի լիմֆոմայով, որոնցից 23,900 մահացել է։ ԱՄՆ-ում մարդկանց 0,2%-ը կյանքի ընթացքում ձեռք են բերում տվյալ հիվանդությունը։ Ախտորոշման միջին տարիքը 20-ից 40 տարեկանն է։ Այն անվանվել է անգլիացի բժիշկ Թոմաս Հոջկինի անունով, ով առաջինը նկարագրել է այս հիվանդությունը 1832թ-ին։


Նշաններ և ախտանիշներ

Հոջկինի լիմֆոմայով հիվանդները կարող են ունենալ հետևյալ ախտանիշները․

  • Ավշային հանգույցներ - Հոջկինի լիմֆոմայի ամենահաճախ հանդիպող ախտանիշը մեկ և ավելի անցավ մեծացած ավշային հանգույցներն է կամ լիմֆադենոպաթիան։ Հանգույցները կարող են լինել նաև շարժուն և այտուցված։ Պարանոցի և ուսերի հանգույցները (պարանոցային և վերանրակային) ամենահաճախն են ախտահարվում (միջինում 80-90% դեպքերում)։ Սովորաբար ախտահարվում են նաև կրծքավանդակի ավշային հանգույցները, ինչը հայտնաբերվում է կրծքավանդակի ռենտգենի միջոցով։
  • Գիշերային քրտնարտադրություն
  • Անբացատրելի քաշի կորուստ
  • Սպլենոմեգալիա - փայծաղի մեծացումն է, որը հանդիպում է Հոջկինի լիմֆոմայով հիվանդների 30%-ի մոտ։ Հազվադեպ, մեծացումը շատ արտահայտված է լինում, իսկ փայծաղի չափերը կարող են տատանվել բուժման ընթացքում։
  • Հեպատոմեգալիա - լյարդի մեծացումն է պայմանավորված վերջինիս ներգրավմամբ հիվանդության մեջ, որը դիտվում է դեպքերի մոտ 5%-ում։
  • Հեպատոսպլենոմեգալիա - և՛ լյարդի, և՛ փայծաղի չափերի մեծացումն է հիվանդության ընթացքում։
  • Ալկոհոլի օգտագործումից հետո դիտվող ցավ - չնայած ընդունված տեսակետին, ախտահարված ավշային հանգույցները դառնում եմ ցավոտ ալկոհոլի օգտագործումից հետո, այնուամենայնիվ այս ֆենոմենը հազվադեպ է դիտվում՝ հիվանդների 2-3%-ի մոտ, ունենալով ցածր զգայնություն։ Մյուս կողմից, վերջինիս դրական կանխորոշիչ արժեքը այնքան բարձր է, որպեսզի այն համարենք պաթոգնոմիկ նշան Հոջկինի լիմֆոմայի համար։ Ցավը սովորաբար առաջանում է ալկոհոլի օգտագործումից րոպեներ անց, և տեղակայվում է ախտահարված ավշային հանգույցի շրջանում։ Ցավը բնութագրվում է, որպես ծակող սուր ցավ կամ բութ ու նվվացող։
  • Մեջքի ցավ - ոչ սպեցիֆիկ մեջքի ցավը (ցավ, որը հնարավոր չէ տեղայնացնել կամ վերջինիս պատճառը չի հայտնաբերվում զննման և տեսապատկերային հետազոտություններով) նկարագրվել է Հոջկինի լիմֆոմայի որոշ դեպքերում։ Մեջքի ստորին հատվածն ամենահաճախն է ախտահարվում։
  • Մաշկի կարմրավուն բծեր, հեշտ արյունահոսում, պետեխիաներ - պայմանավորված թրոմբոցիտների ցածր քանակով (հիմքում ընկած է ոսկրածուծի ներսփռումը , փայծաղում հեշտացված թակարդումը և այլն, այսինքն նվազած արտադրություն, մեծացած քայքայում)
  • Համակարգային ախտանիշներ - հիվանդների մեկ երրորդը կարող են ունենալ նաև համակարգային ախտանիշներ, ներառյալ ցածր աստիճանի տենդ, գիշերային քրտնարտադրություն, անբացատրելի քաշի կորուստ մինչև 6 ամսվա ընթացքում մարմնի զանգվածի ամենաքիչը 10%-ի չափով, մաշկի քոր (պրուրիտուս)՝ պայմանավորված էոզինոֆիլների բարձր քանակով արյան մեջ, հոգնածություն։ Տենդը, գիշերային քրտնարտադրությունը և քաշի կորուստը, որպես համակարգային ախտանիշներ, հայտնի են որպես B ախտանիշներ։ Այնուամենայնիվ, այս նշանների առկայությունը վկայում է այն մասին, որը հիվանդությունը 2B փուլում է, ոչ թե 2A։
  • Ցիկլիկ տենդ - հիվանդները կարող են ունենալ ցիկլիկ, բարձր աստիճանի տենդ, որը հայտնի է որպես Պել-Էպշտեյնի տենդ կամ ավելի պարզ՝ Պ-Է տենդ։ Ամեն դեպքում, Պ-Է տենդի իրական գոյությունը դեռ կասկածի տակ է։
  • Նեֆրոտիկ համախտանիշ նույնպես կարող է դիտվել Հոջկինի լիմֆոմայով հիվանդների մոտ և այն հիմնականում պայմանավորված է նվազագույն փոփոխությունների հիվանդությամբ։

 

Նախորդը Հաջորդը